Sep 20, 2011

Արշավ N9 - Փամբակի Լ.շղթա, ՀԱՐՍՆԱՍԱՐ, մոտ 2500մ


 Հայաստանը լեռնային երկիր է…  Նմանատիպ նախադասության կարելի է հանդիպել ցանկացած գրքում, որտեղ գրված է Հայաստանի մասին:  Կարծում եմ`  շատերի համար այս նախադասությունը չի անցնում նախադասության,որպես այդպիսին,  սահմաններից և  չի հատում  իմաստի սահմանը… իսկ իմաստը պետք է ապրել, պետք է զգալ, տեսնել և այլն…  Հայաստանը ու նրա բնությունը  սիրելու և նրան մոտ լինելու համար պետք է շփվել նրա հետ….   Այդպիսի հնարավորություն, երեկ` 18.09.2011 ,ինձ  տվեց արշավախումբը… Խումբ, որը համալրվել էր մեկ գլխավոր` Հարսնասարի գագաթը բարձրանալու նպատակով:    Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան: Եղանակը արև էր խոստանում, իսկ  րաբունապետը և խմբի ոգին` ուրախ տրամադրություն, միասնականություն, ընկերական մթնոլորտ: Հավատացեք` այդպես էլ եղավ. արևը իր ջերմ հետքն է թողել մեր մաշկի վրա, իսկ խմբային մթնոլորը`  հիշողության մեջ: Դե պատկերացրեք, թե ինչ կարող է լինել,  կամ, ավելի ճիշտ, ինչ չի կարող չլինել, երբ մեկ խմբում հավաքվեն տարբեր մուլտ-ՀԵՐՈՍՆԵՐ` Մաուգլին, Վիննի Պուխը, Դոնալդ Դաքը, Իան, Պիտաչոկը, Ալադինը, Զոլուշկան և ալյք…
         Մինչև սարին հասնելը, մենք երկար քայլեցինք, այդ ընթացքում անցնելով ձորերի, թեք տարածությունների, փշերի  միջով:  Ճամբան շատ գեղեցիկ էր, քարքարոտ` գունային շերտերով` ցորենագույն, մոխրագույն, կանաչ … Որքան բարձրանում էինք, այնքան ներքևում ամեն ինչ ավելի ու ավելի գեղեցիկ էր թվում, …  իսկ սարը, գագաթնակետը, կարծես թե հեռանում էր… Այո, մի զարմացեք, հեռու էր թվում ձորերի  բարդ կառուցվածքների պատճառով:  Բայց, դրա հետ մեկտեղ, գագաթին գտնվելու հաճույքը երկար չսպասեցրեց… Եվ ահա…  մի  բարդ  ժայռակտոր… ,որը հաղթահարելով կհայտնվեմ գագաթին… խուճապ … սկսածդ ավարտելու ցանկության կորուստ…  և այս ամենը երկար կտևեր, եթե չլինեին  արշավախմբի անդամները  ու, իհարկե, իմ սիրելին,  եթե չլիներ հուսադրող մթնոլորտ ու օգնող ձեռք … Գագաթից բնության տեսարանը միանգամայն այլ էր . ամեն մի մաս` երկու փոքրիկ լճակները, բլրակները, ձորերը, հարթ տարածքները, նրանց վրա ընկած ամպերի շողքը   դադարում էին մաս լինելուց, ու դառնում էին  մեկ տեսարան` ամբողջական տեսարան… Հենց այսպիսի պահերի ես հասկանում, որ բարձունքները հաղթահարելի են, երբ մենակ չես…

Հեղինակ՝ Անահիտ Մինասյան

Ահա ևս մի քաի նկարներ՝











Sep 13, 2011

ԱՐՇԱՎ N9 - ՀԱՐՍՆԱՍԱՐ

Մենք այցելեցինք Հարսնասար և շատ ու շատ նկարներ նկարեցինք... բայց.... ֆոտոապարատը փչացավ, և մենք նույնիսկ մեկ նկար չկարողացանք փրկել
Այս անգամ ճանապարհը մեզ տանելու է դեպի Հարսնասար՝ Շիրակի մարզի ամենագեղատեսիլ և դեռևս չուսումնասիրված լեռներից մեկը:
Դեպի լեռը տանող ճանապարհը բավականին երկար է՝ մոտ 8 կիլոմետր, ինչը երաշխավորում է արշավի հետաքրքիր լինելը:
Պետք է հատուկ նշել, որ Հարսնասարը Հայաստանի այն վայրերից է, որտեղ մինչ այժմ շատ քիչ մարդիկ են ոտք դրել, լինեն նրանք հայ թե արտասահմանցի: Սակայն դրա պատճառը ոչ թե այն է, որ վայրը տեսարժան չէ, այլ այն, որ չեն գտնվել մարդիկ, ովքեր կգնային, կուսումնասիրեին այն և կհայտնաբերեին որ այն լիովին արժանի է՝ այցելուների պակաս չզգալու համար: Մի խոսքով՝ Արշավախմբից 2 հոգի գնացել են, տեսել այ ամենը, և հիմա ասում են՝ համեցեք, դա այն տեղն է, որ ՊԵՏՔ Է ԳՆԱԼ:
Իհարկե, ինչպես միշտ՝ հանդիպում ենք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ՝ 2011 թ. Սեպտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 08:00:
Արշավի արժեքն է՝ 4000 դրամ:
Մասնակցությունը հաստատելու համար պետք է զանգահարել՝
055 66 15 41 Վահեին, կամ՝
055 02 22 30 Հերմինեին:
Հարսնասարի մասին զանազան պատմությունները և ժողովրդական բանահյուսության տարրերը դուք կլսեք հենց արշավի օրը՝ դեպի լեռը տանող ճանապարհին:
Այս լեռան բարձրությունը նույնիսկ ոչ մի տեղ նշված չէ, այնպես որ, առաջինը թերևս մենք ենք լինելու, որ կչափենք այն:
Գրանցման վերջնաժամկետն է մինչև 2011 թ. սեպտեմբերի 15-ը:
Թե ինչ պետք է վերցնեք ձեզ հետ, կարող եք նայել այստեղ՝
http://www.facebook.com/groups/galiseq/doc/135413883211410/

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ԻՀԱՐԿԵ՝ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ:

Sep 5, 2011

Նորություններ Շիրակի մարզից

Ողջունում եմ բոլոր բոլորին, և ցանկանում տեղյակ պահել ձեզ այն իրադարձություններին, որոնք տեի են ունեցել ՀՀ Շիրակի մարզում 2011թ. Սեպտեմբերի 3-ին` վաղ առավոտից մինչև ուշ երեկո:
Սկսենք...

Վաղ առավոտյան Արշավախմբի անդամները Երևանից ուղղություն վերցրին դեպի Շիրակի մարզ: Այս անգամ  Երևանից մինչև Շիրակի մարզի սահմանը ղեկավարի պարտականությունները ստանձբել էր մեր շատ սիրելի Հերմինե Ասլանյանը, կամ Hem'OK-ը: Սակայն դա իհարկե ոչ մի բան չի փոխում, որովհետև մեքենայի մեջ նորից, ողջ ճանապարհին, բոլորը խաղում էին "Ճակատագիր"(Խաղի անունը փոխել ենք` "Գուշակիր հերոսիդ" =>"Ճակատագիր"):
Բոլոր ճակատագրերը վերջում դարձան "Ապակեգրեր" :D

Այսպես, շատ ուրախ և զվարթ մթնոլորտու անցավ ողջ ճանապարհը:







Իհարկե, եթե անցնում ենք "Տառերի" մոտով, ուղղակի չի կարելի չկանգնել և մի քանի նկար չնկարել:






 "Տառերից" հետո մոտ 80 կմ ճանապարհ, և հասնում ենք այն տեղը, որտեղ մինչ այժմ և ոչ մի արշավախումբ չի այցելել` Սբ. Հովհաննես լեռան ստորոտը, որտեղ արդեն բոլորին դիմավորում եմ ես, և սկսվում է իրական արշավը: Այնպիսի արշավ, որ չուներ իր նախադեպը ոչ արշավախմբի պատմության մեջ, և ոչ էլ որևէ այլ տեղ: Լեռան բարձրությունը մոտ 3000 մետր է, իսկ ճանապարհից այն հեռու է մոտ 5 կմ: Սակայն, հաշվի առնելով այն, որ պիտի քայլենք ծուռումուռ, որպեսզի չտրորենք աշնանացանն ու վարած արտերը, հաշվի առնելով որ ողջ չանապարհին չկա և ոչ մի ծառ` նրա ստվերում հանգստանալու համար, ապա այս արշավի բարդության աստիճանը կարելի է բարձր գնահատել:


Առաջ, դեպի Սբ. Հովհաննես:


Հիշեցնեմ որ թվով ավելի շատ նկարներ կարող եք տեսնել հետևյալ հասցեով:






Հետևյալ մի քանի նկարներում դուք տեսնում եք Սբ. Հովհաննես մատուռը, այնուհետև լեռան ստորոտին գտնվող քարանձավները.... ի դեպ, արշավի մասնակիցների մեծ մասի կարծիքով  հենց քարանձավներն էին երեկվա արշավի ամենահետաքրքիր և ամենադիտարժան վայրը:
Վերջապես հասանք

Նորից ու նորից` ԿԵՑՑԵ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ



Ժայռամագլցում? Ախր ոնց կարելի է դիմանալ գայթակղությանը և չմտնել գետնից մի քանի մետր բարձրության վրա գտնվող այս քարանձավները:


Ահա նրանք... Տեղացիները սրանք անվանում են Քյորօղլու Մաղարեք

Այնուհետև այցելություններ Հառիճավանք, Լմբատավանք և Պեմզաշենի Սբ. Առաքելոց:Բոլոր նկարները կարող եք նայել այստեղ, իսկ բլոգում կտեղադրեմ ընդամենը մի քանիսը:
Հառիճավանք
Հառիճավանքի գմբեթը

Դեպի Լմբատավանք

Պեմզաշեն, Սբ. Առաքելոց



Sep 1, 2011

Աշխարհի շուրջը 1 օրում

Բարև հարգելիներս, ուսումնասիրելով մեր առաջիկա արշավի համար նախատեսված ճանապարհը, ես պարզեցի, որ մենք այդ օրը կարող ենք այնքան բան տեսնել, այնքան բան անել, որ չենք արել մինչև հիմա` բոլոր 7 արշավների ժամանակ, միասին վերցված:
Այսպիսով` Շարժվելով Երևանից, իհարկե, կանգ ենք առնելու "Տառերի" մոտ: Երևի բոլորս էլ գիտենք դրանց մասին` բոլոր 36 քանդակազարդ տառերը, գումարած հայ մեծերի մի քանի արձաններ, բոլորը հավաքվել են մեկ տեղում:
Այնուհետև անցնում ենք բոլորին հայտնի մի քաղաքով` Ապարանով: Ասեմ, որ բացի նրա հետ կապված զվարճալի պատմություններից, այն վերջերս հայտնի է դարձել իր հացով` բոլորդ կարող եք փորձել:
Այնուհետև առանց կանգառների հասնում ենք Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանամերձ Նորաշեն գյուղը, որտեղից մեզ սպասվում է հիանալի քայլարշավ դեպի Սբ. Հովհաննես լեռը և նույնանուն փոքրիկ մատուռը, որը, չնայած նոր և ճարտարապետական տեսակետից աննշան լինելով, այնուամենայնիվ հանդիսանում է Նորաշեն և Շիրակի մարզում գտնվող Արևշատ, ինչպես նաև մի քանի այլ գյուղերի գյուղացիների սրբատեղին, ուխտավայրը:
Լեռան ստորոտին կա մի փոքրիկ տարածք, որն իր բուսական միկրոկլիմայով և ժայռերով ամբողջովին տարբերվում է շրջակա ողջ տարածքից: Այստեղ են գտնվում մի քանի քարանձավներ, որոնք, լինելով փոքրիկ, այնուամենայնիվ պատված են լեգենդներով, ինչպես և գագաթին գտնվող մատուռը:
Վերադառնալով Սբ. Հովհաննեսից, մեքենայով շարունակում ենք ճանապարհը մինչև Արթիկ քաղաքին կից Հառիճ գյուղը.... կարծում եմ ավելորդ է ասել որ այնտեղ է գտնվում Հառիճավանքը, հանրահայտ Հառիճավանքը:
Այնուհետև այցելում ենք Արթիկ քաղաքում գտնվող Լմբատավանք, և, եթե թույլատրեն, նաև Սբ. Մարինե եկեղեցի:
Նորից առաջ, դեպի Պեմզաշեն: Այստեղ է գտնվում Սբ. Առաքելոց վանքային համալիրը, որը, իրոք, ՊԵՏՔ Է տեսնել:
Պեմզաշենից հետո վերադառնում ենք Երևան, ճանապարհին տեսնելով ՄԱՐԱԼԻԿԸ: Այո, այն փոքր և քիփիլիկ քաղաք է :D
Այսքանը հարգելիներս: Իհարկե այս բոլոր տեսարժան վայրերի այցելության ժամանակ ես ձեզ կզբաղեցնեմ` պատմելով ձեզ դրանց պատմությունը, ժողովրդական լեգենդները: Եվ իհարկե, ճանապարհին` մեքենայի մեջ, մեզ սպասում են արդեն ավանդական դարձած խաղերը` "Գուշակիր հերոսիդ" և "Բլիբել": Սրանք արշավախմբի անդամներին ավելի են մոտեցնում իրար, ընկերացնում, համեմում ճանապարհորդությունը խինդ ու ծիծաղով:
Վերջում նաև ավելացնեմ, որ այս ճամփորդությունը նման է շուրջերկրյա ճամփորդության, ուղղակի պտտվում ենք ոչ թե երկրի, այլ Արագածի շուրջ: