Aug 15, 2011

Քայլարշավ, կողմնորոշում, գեղագիտական հաճույք, նոր գիտելիքներ: 4-ը 1-ում



Երևի շատերը գիտեն, որ Մակարավանք հասնելու համար պետք չէ երկար քայլել: Ճանապարհ կա և մեքենան կարող է հասցնել մեզ ընդհուպ մինչև Մակարավանք:
Այդ դեպքում էլ ի՞նչ արշավ, ասենք էքսկուրսիա ու վերջ:
Բայց ոչ: Արշավախումբը ձեզ համար մի անակնկալ է պատրաստել: Չնայած որ ուզում էինք սրա մասին հայտարարել հենց տեղում, սակայն քննարկումներից հետո նպատակահարմար գտանք նախապես տեղյակ պահել բոլորին:
ԱՅՍՊԻՍՈՎ` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայ ճարտարապետության այդ եզակի կոթող` Մակարավանք հասնելուց և այն ուսումնասիրելուց հետո, ձեզ սպասվում է հետաքրքիր մի խաղ: Ներկայացնեմ այն.
Մոտակա անտառում տեղադրված են լինելու ուղղորդիչ նշաններ, գլուխկոտրուկներ, հանելուկներ, որոնք ճիշտ հերթականությամբ գտնելով, հանելուկներին ու գլուխկոտրուկներին ճիշտ լուծումներ տալով խմբի անդամները  կկարողանան հասնել նշանակման վայրը` Տավուշի մարզի այդ անձեռակերտ անտառների չնաշխարհիկ բացատներից մեկը, որտեղ նրանց կդիմավորեն արշավի կազմակերպիչներից երկուսը: Իսկ երրորդ կազմակերպիչը ամբողջ ճանապարհին նրանց հետ կլինի և կուղղորդի նրանց քայլերը:
Այսպիսով, այս արշավը իր մեջ կներառի ոչ միայն սովորական դարձած քայլքը, ոչ միայն գեղագիտական հաճույքն ու կտա նոր գիտելիքներ, այլ նաև մասնակիցներին հնարավորություն կտա նպաստավոր և ոչ բարդ պայմաններում ստուգել իրենց կողմնորոշվելու կարողությունները:
Բացի այդ, նշանակման վայր հասնելուց հետո խմբի անդամներիս սպասվում է ևս մի անակնկալ, որի մասին նրանք կիմանան միայն այդ ժամանակ:
Իհարկե`  ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, և իհարկե` ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` Արշավախումբ: