Sep 1, 2011

Աշխարհի շուրջը 1 օրում

Բարև հարգելիներս, ուսումնասիրելով մեր առաջիկա արշավի համար նախատեսված ճանապարհը, ես պարզեցի, որ մենք այդ օրը կարող ենք այնքան բան տեսնել, այնքան բան անել, որ չենք արել մինչև հիմա` բոլոր 7 արշավների ժամանակ, միասին վերցված:
Այսպիսով` Շարժվելով Երևանից, իհարկե, կանգ ենք առնելու "Տառերի" մոտ: Երևի բոլորս էլ գիտենք դրանց մասին` բոլոր 36 քանդակազարդ տառերը, գումարած հայ մեծերի մի քանի արձաններ, բոլորը հավաքվել են մեկ տեղում:
Այնուհետև անցնում ենք բոլորին հայտնի մի քաղաքով` Ապարանով: Ասեմ, որ բացի նրա հետ կապված զվարճալի պատմություններից, այն վերջերս հայտնի է դարձել իր հացով` բոլորդ կարող եք փորձել:
Այնուհետև առանց կանգառների հասնում ենք Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանամերձ Նորաշեն գյուղը, որտեղից մեզ սպասվում է հիանալի քայլարշավ դեպի Սբ. Հովհաննես լեռը և նույնանուն փոքրիկ մատուռը, որը, չնայած նոր և ճարտարապետական տեսակետից աննշան լինելով, այնուամենայնիվ հանդիսանում է Նորաշեն և Շիրակի մարզում գտնվող Արևշատ, ինչպես նաև մի քանի այլ գյուղերի գյուղացիների սրբատեղին, ուխտավայրը:
Լեռան ստորոտին կա մի փոքրիկ տարածք, որն իր բուսական միկրոկլիմայով և ժայռերով ամբողջովին տարբերվում է շրջակա ողջ տարածքից: Այստեղ են գտնվում մի քանի քարանձավներ, որոնք, լինելով փոքրիկ, այնուամենայնիվ պատված են լեգենդներով, ինչպես և գագաթին գտնվող մատուռը:
Վերադառնալով Սբ. Հովհաննեսից, մեքենայով շարունակում ենք ճանապարհը մինչև Արթիկ քաղաքին կից Հառիճ գյուղը.... կարծում եմ ավելորդ է ասել որ այնտեղ է գտնվում Հառիճավանքը, հանրահայտ Հառիճավանքը:
Այնուհետև այցելում ենք Արթիկ քաղաքում գտնվող Լմբատավանք, և, եթե թույլատրեն, նաև Սբ. Մարինե եկեղեցի:
Նորից առաջ, դեպի Պեմզաշեն: Այստեղ է գտնվում Սբ. Առաքելոց վանքային համալիրը, որը, իրոք, ՊԵՏՔ Է տեսնել:
Պեմզաշենից հետո վերադառնում ենք Երևան, ճանապարհին տեսնելով ՄԱՐԱԼԻԿԸ: Այո, այն փոքր և քիփիլիկ քաղաք է :D
Այսքանը հարգելիներս: Իհարկե այս բոլոր տեսարժան վայրերի այցելության ժամանակ ես ձեզ կզբաղեցնեմ` պատմելով ձեզ դրանց պատմությունը, ժողովրդական լեգենդները: Եվ իհարկե, ճանապարհին` մեքենայի մեջ, մեզ սպասում են արդեն ավանդական դարձած խաղերը` "Գուշակիր հերոսիդ" և "Բլիբել": Սրանք արշավախմբի անդամներին ավելի են մոտեցնում իրար, ընկերացնում, համեմում ճանապարհորդությունը խինդ ու ծիծաղով:
Վերջում նաև ավելացնեմ, որ այս ճամփորդությունը նման է շուրջերկրյա ճամփորդության, ուղղակի պտտվում ենք ոչ թե երկրի, այլ Արագածի շուրջ: